Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՔԻ»

արտի 9-ին «Հայք» շարժման անդամները քաղաքական հայտ ներկայացրին՝ «Հանուն Հայքի» կարգախոսով: Բանախոսներն իրենց ելույթներով ոչ միայն ամբողջացրին նոր սուբյեկտի կողմից քաղաքական հայտի բովանդակությունը, այլեւ գործնական առաջարկ ներկայացվեց բոլոր ուժերին, անհատներին՝ մարտի 23-ին Գյումրիում, միասին խմորելու եւ թրծելու ազգային համակարգի ձեւավորման մեկնարկը, որ բացելու է «Հայք» ազգային պետության կայացման ճանապարհը:

Շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրայր Կոստանյանն ասաց, որ նախ եւ առաջ պետք է վերականգնել մեր սուբյեկտիվությունը: Ըստ նրա՝ լինել, թե չլինելն ամենաարդիական հարցն է այսօր. «Հայք շարժումը եկել է ասելու, որ այդ հարցադրումը մեր կողմից մերժված է, որովհետեւ ուենք կայացած որոշում գենետիկ մակարդակում, այն է՝ լինել ու հարատեւել: Պետք չէ հղում անել օտարների խոսույթին: Մենք եկել ենք, որ վերականգնենք ազնվությունն ու արդարությունը: «Հայք»-ի հիմնասյուներից մեկն այն է, որ մենք որեւէ հայի որեւէ տեղ չենք տանում: Ընդհակառակը, ասում ենք՝ մնում ենք Հայաստանում ու հարատեւում ենք»:

Միջոցառմանն իր հայրական խոսքն ու օրհնանքը բերեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան Հայրն իր խոսքում առանձնակի շեշտեց. «Այս վերջին քառասուն տարում մեկը մյուսից լավ այնքան ծրագրերի մասին ենք լսել, կարդացել, հաղորդակցվել. ոչ մեկը չի իրականանում: Արդյո՞ք սա առաջին լավ ծրագիրն է, միակ եւ օրիգինալ ծրագիրը, որ դատապարտված է հաջողության: Ոչ: Շատ ուրիշ լավ ծրագրեր եղել են: Նույնիսկ 1920-ին, երբ կարմիր դրոշը բարձրացրին, լավ մոտեցումներով բարձրացրին, որ լավ պետք է լիներ: Բայց լավ չեղավ: Երանի, թե այս խորագիրը դատապարտված լինի հաջողության: Ես, որպես հոգեւորական, օրհնում եմ, որ այս ծրագիրն իրականանա: Ուրախ կլինեմ, որ իրականանա, բայց այն կիրականանա միայն այն պարագայում, երբ մեր ազգի գոնե 51 տոկոսը ոչ թե անպայմանորեն կարդա այս ամենն ու դրանով ինչ-որ բան փոխվի, այլ երբ ինքնաբերաբար կունենա մտքի ու վարքի փոփոխություն: Մտքի փոփոխությունն ապաշխարությունն է, այսինքն՝ մինչեւ հիմա սխալ եմ ապրել իբրեւ ազգ, իբրեւ հայ, իբրեւ քրիստոնյա: Այս անդրադարձը մեզանից որեւէ մեկը եթե չունենա, ոչ մի ծրագիր չենք կարող իրականացնել, կձախողենք: Սա վերաբերում է նաեւ մեզ՝ հոգեւորականներիս, որ մենք սխալ ենք ապրել, սխալ ենք հասկացել եկեղեցականի ծառայությունը մինչեւ այսօր: Իսկ ո՞րն է մեր սխալը. միշտ փաղաքշել ենք, ասել՝ դուք լավն եք, դուք այս տարածքի միակ աստվածային ժողովուրդն եք, դուք կարող եք ուտել, խմել, գիրանալ, բայց մեկ-մեկ մտեք եկեղեցի, մոմ վառեք, լրիվ բավարար է: Մենք էլ այդ սխալն ենք թույլ տվել՝ իբրեւ հովիվ: Միշտ վախեցել ենք, թե այս խոսքը չասեմ, կնեղանա, կխռովի, կգնա: Հովիվը պետք է ուշադիր լինի՝ իր հոտին չխրտնեցնելու, բայց դա էլ իր սահմանն ունի՝ մինչեւ երբ եւ մինչեւ ուր կարող ես փաղաքշել եւ չասել ճշմարտությունը, որ դու հիվանդ ես, դու սխալ ես, անբարոյական ես, հայ չես ի վերջո, որովհետեւ հայը գող չի կարող լինել, շնաձուկ, մարդասպան, խաբող, գցող, նենգ, խարդախ, ընչասեր չի կարող լինել: Եթե այսպիսին է, ուրեմն՝ հայ չէ: Դա վերաբերում է նաեւ մեզ, որ սքեմ ենք կրում: Այնպես չէ, որ մենք սուրբ ենք, դուք՝ անսուրբ: Մենք միմյանց լրացնում ենք, մինյանց արժանի ենք»:

Ըստ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, պետք է մոտենալ ավետարանական սկզբունքին՝ մենք տեր ենք եւ ծառա մեր երկրում. «Տերը ենթադրում է խնամել, գուրգուրալ, փայփայել, մեծացնել եւ իրավունքներ ունենալ: Մենք տե՞ր ենք մեր երկրին, փայփայո՞ւմ ենք, սիրո՞ւմ ենք: Հա, վիրտուալ սիրում ենք, հեռվից էլ ենք սիրում: Ինչ լավ է ստացվում մեզ մոտ Լաս Վեգասից հայրենիքը սիրել, շատ լավ է ստացվում: Տեր պետք է լինենք ու ծառա մեր երկրին, ինչպես Աստված, որ Տեր է եւ Ծառա: Ծառայում է ամեն օր մեզ՝ ապահովելով լույս, ջերմություն, սնունդ, ջուր: Մեր ծառան չէ, մեր Տերն է, բայց մեզ է ծառայում՝ ինչպես ընտանիքի հայրն ու մայրը: Տերը, տիրությունն իր մեջ ներառում է ծառայություն, իսկ ծառայությունն ի՞նչ է, եթե ոչ պարտականություն: Ամբողջ աշխարհը խոսում է իրավուքներից, պարտականություններից չի խոսում: Եթե մենք մեր պարտականությունների մեջ խորանանք, կմտնենք այն ճանապարհը, որի մասին խոսվեց: Ապաշխարությամբ մեր վարքը պիտի փոխենք եւ հասկանանք՝ որտեղ պետք է լինենք տեր եւ որտեղ՝ ծառա»:

ՎԱՐԴԱՆ ՍՐՏԱՇՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները