Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ…

«Հայրապետ սուրբ եւ անբիծ եւ ընտրեալ յորովայնէ, սքանչելագործ վկայ եւ
պարծանք ազգի առ Քրիստոս, բարեխոսեա վասն մեր քո տօնողացս»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Եկեղեցին ամեն տարի, Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, տոնում է Ս. Հովհաննես Օձնեցու, Ս. Հովհան Երուսաղեմացու, Հովհան Որոտնեցու եւ Ս. Գրիգոր Տաթեւացու հիշատակը, ովքեր պայքար են ծավալել Եկեղեցու թշնամիների դեմ: Երախտաշատ Հայրապետը, մահվանից քիչ ժամանակ անց, դասվել է հայոց տոնելի Սրբերի շարքը:

8-րդ դարասկզբին, պատմական թոհուբոհի երկփեղկման ու քայքայման վտանգներով լեցուն շրջանում, որպես փրկության փարոս, Լուսավորչի գահին բազմեց Ս. Հովհան Իմաստասեր Օձնեցին: Աստվածային շնորհներով զարդարուն ու լեցուն այս հրաշագործ այրը դարձավ մշակը Հայ Եկեղեցու անդաստանի, որով պտղաբերում է Եկեղեցին դարեր շարունակ՝ դիմակայելով բազում նորանոր հարվածների:

Տոնի ուրախ առիթով, Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մարտի 2-ին ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների ցանկությունը:

ՕՁՈՒՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Օձունը գտնվում է Գուգարաց թեմում: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ Գ արքան՝ մոտավորապես 303-313 թթ.: Օծել է այն Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հին եկեղեցին եղել է միանավ բազիլիկ, ունեցել ավելի փոքր չափեր եւ երկրաշարժից խոնարհվել է 5-րդ դարում:

Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի տասներկու աշակերտներից Թովմասը: Նա այստեղ քահանաներ ու եպիսկոպոսներ է օծել: Ըստ ավանդության՝ հենց օծել բառից էլ առաջացել է գյուղի Օձուն անվանումը:

Շիրակցի ուխտավորները, տեղ հասնելով, ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, վառեցին իրենց հավատի մոմերը եւ, անչար սրտով ձայնակից լինելով Սրբի աղոթքին, Բարձրյալից ծնրադիր հայցեցին. «Քո անպատում խոնարհությամբ եւ կամավոր խաչելությամբ հաշտեաց ընդ մեզ, Տէր, գթությամբ եւ թող մեզ ողորութեամբ»:

Հընթացս սրբազան արարողակարգի հավատավոր ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱՐԴՎԻԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ (ՍՐԲԱՆԵՍ) ԵԿԵՂԵՑԻՆ

Գյուղի հյուսիս-արեւմտյան եզրին է գտնվում Ս. Հովհաննես վանական համալիրը: Հուշարձանախումբը բաղկացած է միմյանց կից երկու եկեղեցիներից, զանգակատնից, խաչքարերով, մահարձաններով հարուստ գերեզմանոցից:

Եկեղեցու բեմին կից, երկայնական առանցքից փոքր-ինչ շեղված, գտնվում է Ս. Հովհան Գ Իմաստասեր Օձնեցի Կաթողիկոսի քարարկղային դամբարանը՝ ծածկված երկլանջ սալաքարերով: Այստեղ ուխտավորները, Գուգարաց թեմի Առաջնորդ Տ. Հովնան եպս. Հակոբյանի հետ, երգեցին հոգեպարար շարականներ՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունը. «Մատիր քաղցրութեամբ առ ուխտացեալս մեղաւք, քաւեա ի պարտեաց ամենակատար բաւականութիւն…»:

ԳԱՐԳԱՌԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ, ՍՊԻՏԱԿԻ
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Երրորդ կանգառը Գարգառի՝ 1831 թվականի կառույց, Ս. Հովհաննես եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց մոմերը՝ հայցելով Ս. Հովհան Հայրապետի բարեխոսությունը:

Վերջին հանգրվանը Սպիտակի՝ 1999 թ. կառուցված, Ս. Հարությունն էր: Շրջելով սրբավայրում՝ վերերկրային մի զգացում հայացքդ գամում է խաչակիր գմբեթներին եւ հոգուդ մեջ Սուրբ եւ անմահ Պատարագի լույսն է հորդանում:

Արդ, խոնարհվենք սրբերի առջեւ եւ, խնկով ու աղոթքով, մասնակից ու բաժնեկից դառնանք նրանց սրբությանն ու աղոթական ներկայությանը, հայցենք նրանց բարեխոսությունն ու աղոթքները համայն հայության ու Հայաստան աշխարհի համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱԳԱ ՓԱՆՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները