Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

ետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը:

Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների, արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց ուղղված սոցիալական աջակցության եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը, Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Տիար Արման Թաթոյանը:

Քննարկման ընթացքում Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները եւ թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը: Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգեւոր խորհուրդը կենսական եւ կարեւոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան եւ սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը: Ժողովականները նաեւ աղոթք բարձրացրին օրեր առաջ, Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով, զոհված զինծառայողների հոգիների խաղաղության եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին: Գերագույն հոգեւոր խորհուրդը կարեւորեց Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետեւողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին:

Տեղեկացվեց նաեւ, որ, իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում, անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել եւ նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված մեծաթիվ արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների եւ չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդգծվեց սոցիալական ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը:

Եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին զեկույցներ ներկայացրին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը եւ ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վրդ. Բաղումյանը: Արձանագրվեց, որ, Եկեղեցի-պետություն ոչ բնականոն հարաբերությունների պատճառով, լուծման կարոտ են մնացել ազգային-հոգեւոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ՝ առնչված օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության կարեւորագույն ոլորտներին: Ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ, հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում, հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով ու կամայական մոտեցումներով աղճատվել եւ ձեւախեղվել է հայոց պատմության բովանդակությունը: Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակաազգային հոսանքների ու գաղափարների ազդեցությունից:

Մասնավոր անդրադարձ կատարվեց նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը: Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգեւոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները եւ ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որեւէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել եւս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում: Գերագույն հոգեւոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաեւ որպես հետեւանք արտաքին հարկադրանքի: Արձանագրվեց, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում են առկա կասկածները:

Քննության առնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ ԳՀԽ խիստ կարեւորությամբ ընդգծեց, որ օրենքում առաջարկվող հավելումները չպետք է հակասեն մեր ժողովրդի՝ ընտանիքի նվիրական պատկերացումներին ու քրիստոնեական ընկալումներին եւ չպետք է տեղիք տան մերժելի տարընկալումների:

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի ու վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը եւ լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը: Ժողովականները նաեւ այցելեցին Մայր Տաճար եւ ծանոթացան հիմնանորոգության ընթացքին: Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներն ավարտական փուլում են: Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գեւորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին: ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության եւ հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռի 2023 թ. գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը, Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը, ինչպես նաեւ նախորդ տարում Հայաստանում եւ սփյուռքի համայնքներում իրականացված հոգեւոր-քարոզչական, մշակութային, կրթական ու սոցիալական բնույթի ծրագրերը: Քննարկման առարկա դարձան Նվիրապետական Աթոռների, թեմերի գործունեությանը, եկեղեցավարչական, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները