Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ կիրակնամտի ժամերգություն: Հավարտ ժամերգության, նախաձեռնությամբ Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի հոգեւոր դասի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ Առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի հոգեւոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավոր հայորդիներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի հոգեհույզ քարոզ խոսեց՝ հանգամանալից մեկնելով օրվա խորհուրդը, առանձնակի անդրադարձ կատարելով նաեւ մատուցվող Սուրբ Պատարագի բուն նպատակին:

Իր քարոզում Հայր Շնորհքը, դիմելով ներկա հավատացյալներին, ընդգծեց, որ մեկտեղվել են Միածնաէջ Մայր Տաճարում՝ աղոթք բարձրացնելու ապօրինի ազատազրկված Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու մնացյալ հայորդիների, ինչպես նաեւ Բաքվում պահվող գերիների ազատության համար:

Ապա գոհություն մատուցելով Աստծուն՝ Հայր Սուրբը հայցեց Սուրբ Հոգու շնորհները՝ նորոգելու Քրիստոսի եւ Սուրբ Եկեղեցու, եկեղեցական կարգերի ու նվիրապետության հանդեպ հնազանդության եւ հավատարմության իրենց ուխտը:

Խոսելով Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց. «Անդրադարձ կատարենք մեր իրականությանը եւ կտեսնենք, թե ինչպե՞ս է, մարտնչող տգիտության եւ ոգեւորված հիստերիայի հենքի վրա, փորձվում մեր հավատքն առ Քրիստոս, փորձվում Մայր Եկեղեցու եւ մեր հայրերի հանդեպ մեր հնազանդությունն ու խոնարհությունը: Արդարեւ, այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը, փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը եւ աղոթքի հարատեւությունը»:

Շնորհք աբեղան ընդգծեց, որ եթե ճշմարտապես լուսավոր է մեր հավատքը, եթե անկեղծ եւ մաքուր է մեր սերը, անկասկած, կարժանանանք, հանուն Քրիստոսի տառապանքներով ու աղոթքներով հաստատված, աստվածային ողորմության ու շնորհների. «Բոլորիս հայտնի է, թե ինչպե՞ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, Եկեղեցու ծաղրապատկերը ձեւավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի: Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել»,- հավելեց պատարագիչ Հայր Սուրբը:

Վերջում Հայր Շնորհքը պատգամեց հարատեւել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ պահի եւ պահպանի ամեն տեսակի հոգեւոր եւ մարմնավոր փորձություններից եւ դարձնի Իր անպատում օրհնությունների ժառանգորդը:

Սուրբ Պատարագի՝ «Տէր, ողորմեա»-ի երգեցողության ժամանակ, հոգեւորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրին ապօրինաբար ազատազրկված հոգեւորականների, ազգային բարերարի եւ բոլոր գերյալների ազատության, ինչպես նաեւ հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները