Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

«ՕՐՀՆԵՑԷՔ ԶՆԱ ԱՄԵՆԱՅՆ ՀՐԵՇՏԱԿՔ ՆՈՐԱ…»
ՏՈՆ ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑՆ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԶՈՐԱՑՆ

«Երկինք եւ երկիր հանապազ զՔեզ գովեն, Թագաւո՛ր փառաց, սերովբէք եւ
քերովբէք ի խոնարհ ունելով զդէմս իւրեանց եւ միաձայն բարբառովն աղաղկեն
եւ ասեն. սուրբ, սուրբ, սուրբ Տէր զօրութեանց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

րկնային վերին զորքի ներկայացուցիչները, որ հրեշտակ են կոչվում, ըստ իրենց իսկ անվան մեկնաբանության, պատգամաբեր եւ սպասավորներ են: Հրեշտակները հոգեղեն, աննյութեղեն էակներ են, որ ստեղծվել են մարդկության արարումից առաջ:

Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրերի եւ վարդապետների, երկնային լուսեղեն այդ էակներն արարվել են արարչության առաջին օրը՝ հավիտենական լույսի ստեղծման հետ միասին. «Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի» (Ծննդ. Ա 3): Հրեշտակներն իրենց քանակով բազմաբյուր են. «հազարք հազարաց եւ բիւրք բիւրոց» (Դան. Է 10, Հայտ. Ե 10), իսկ բնությամբ՝ սուրբ եւ աննյութեղեն: Հրեշտակների «բնակավայրը» երկինքն է, սակայն ոչ թե մեր այս նյութեղեն, տեսանելի երկինքը, այլ «հոգեւոր», «լուսեղեն» երկնային օթեւանը: Ս. Գրիգոր Տաթեւացին, հրեշտակների այս բնակավայրը, մյուս երկինքների հետ համեմատելով, անվանում է «երկրորդ երկինք»՝ այն զատորոշելով առաջին՝ «տեսանելի» եւ երկրորդ՝ «իմանալի» երկինքներից: Ի դեպ այս վերջին՝ «երրորդ երկնքում», համաձայն հայոց եռամեծ վարդապետի տեսության, բնակվում է Սուրբ Երրորդությունը:

Հրեշտակների հիմնական առաքելությունն Աստծո՝ անընդհատ, մշտնջենավոր փառաբանությունն է: Աստծո հրահանգով նրանք կոչված են նաեւ մարդ արարածին սպասավորելու: Հետեւաբար՝ նրանք պարզապես հոգիներ չեն, այլ սպասարկու հոգիներ, որոնք, երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաեւ երկնային կյանքին՝ լինելով Աստծո նախախնամության գործիքն ու միջոցը եւ Նրա կողմից ուղարկվելով՝ Իր ժողովրդին ու Իր կամքին ծառայելու: Կա տեսակետ, ըստ որի հրեշտակապետերն ազգերի, իսկ հրեշտակներն անհատների պահապաններն են: Ըստ Դիոնեսիոս Արեսպագացու՝ հրեշտակները բաժանված են ինը դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը: Այս յուրօրինակ աստիճանակարգության առնչությամբ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Չնայած ծառայող հոգիները երկնքում անեղծ եւ անմահ են, սակայն Աստված հաճել է, որ Իր ծառաները նաեւ ունենան պետություններ, իշխանություններ ու արտոնություններ»: Ասվում է, թե երբ քրիստոնյան աղոթում է, նրա աղոթքը պահապան հրեշտակը բարձրացնում է երկինք՝ Աստծո մոտ:

Պահապան հրեշտակը մարդուն ուղեկցում է ողջ երկրավոր կյանքում եւ անտեսանելիորեն օգնում նրան: Հայոց պատության մեջ մենք հրեշտակների մասին գեղեցիկ ավանդության ենք հանդիպում՝ կապված Գրիգոր Լուսավորչի հետ: Խոր Վիրապում նրան այցելում էր իր պահապան հրեշտակը: Հենց հրեշտակի հավաստմամբ է նաեւ Տրդատ արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը, տեղե-կանում, որ Վիրապ նետված Գրիգորը ողջ է:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

Նոյեմերի 7-ին, Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետերի եւ ողջ երկնային զորքի հիշատակության օրվա նախատոնակին, Ս. Աստվածածին մայր եկեղեցում, երեկոյան ժամերգության ավարտին, կատարվեց միասնական աղոթք՝ մասնակցությամբ հոգեւորականաց դասի եւ ներկայությամբ հավատավոր ժողովրդի: Հընթացս միասնական աղոթքի, ներկաները հայցեցին Սուրբ Միքայել Հրեշտակապետի բարեխոսությունը սիրելի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, մեր հոգեւոր հայրերի, ազգային բարերարի եւ մյուս ապօրինի կալանավորվածների համար:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Նոյեմերի 8-ին՝ առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որին ներկա էին մեթաթիվ հավատավոր գյումրեցիներ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ իր խոսքում կրկին հիշելով Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազաններին, ազգային բարերարին եւ ապօրինաբար ազատազրկված մյուս արդարներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները