Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

«ԵՐԱՆԵԼԻ ԵՎ ՀՐԱՇԱԼԻ, ԴՈՒ ՀՐԵՇՏԱԿԱՑ ԶԱՐՄԱՆԱԼԻ…»
ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏԱՃԱՐԸՆԾԱՅՄԱՆ ՏՈՆԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

«Աղաչեմ զքեզ, Աստուածածին, Որ ես տաճար անեղ Բանին: Բարձր եւ պայծառ
որպէս զարփին. Մաղթեա վասն իմ առ քո Որդին: Տէր ողորմեա,
Տէր ողորմեա, Աստուածածին բարեխօսեա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

շխարհի փրկության աստվածային ծրագիրն սկսվում է Սուրբ Կույս Մարիամի ծննդյամբ, որ փրկագործության խորհրդի երկրորդ լուծումն է: Իսկ Ավետումը երկնային հաստատուն այն կնիքն է, որով Աստծո պատգամաբեր հրեշտակը Ս. Կույսին ավետում է աշխարհի Փրկչի ծննդյան մասին: Մարդն ի վիճակի չէր մարմնեղեն աչքով տեսնել Աստծուն, եթե Նա չմարդանար: Մահկանացու գիտությամբ չպիտի կարողանային լիովին ըմբռնել աստվածային հոգեւոր հայտնությունը, եթե Աստված չմարմնանար: Սուրբ Կույսը պետք է հղանար Սուրբ Հոգու զորությամբ եւ աշխարհի պատմության մեջ աննախընթաց մի դեպք պատահեր. կույսը զավակ պիտի ունենար, որը կլիներ աշխարհի փրկիչը:

Իբրեւ անբիծ աղավնի՝ ամենագով մանուկը բնակվեց տաճարում, աճեց հասակով եւ զարգացավ իմաստությամբ: Հրեշտակներն աղավնակերպ իջնում էին տաճար եւ կերակրում Մարիամին: Առաքինի Ս. Կույսն այդտեղ մնաց յոթը տարի: Այս ընծայմամբ նա հասավ մտքի ու խորհուրդների գերագույն աստիճանին, որովհետեւ իր անձն Աստծուն ոչ թե փոխ տվեց, այլ տվեց որպես անդարձ ընծա եւ լիովին ընդունեց Աստծուն: Տաճարում մնալով՝ Սուրբ Կույսը հետագայում դարձավ ոսկյա այն սափորը, որ իր մեջ կրեց Կենաց Մանանան՝ դառնալով «բուրվառ՝ ոսկի լցեալ, տուփ անուշ խնկոյն»: Սրբուհին պսակն է բոլոր Սրբերի, մայրն ու ծնողը բոլոր արդարների, Աստծո աղախինն է, միեւնույն ժամանակ Նրա կենդանի Խոսքի կրողը:

Շարակնոցում այսպես է գովերգվում Տիրամայրը. «Զանապական Կույսն Մարիամ Աստուածածին խոստովանի Սուրբ Եկեղեցի, ուստի տուաւ հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար, տո՛ւք օրհնութիւն նմա հոգեւոր երգով»: Աստվածընտիր Կույս Մարիամը պսակն է բոլոր սրբերի, մայրը եւ ծնողը բոլոր արդարների, Թագուհին հրեշտակների եւ մարդկանց: Նրա միջոցով կրկին տեսանելի եղավ Կենաց Ծառը տանող ճանապարհը: Նա միջնորդ հանդիսացավ, որպեսզի բացվեն դրախտի փակ դռները եւ արդարները վարձատրվեն Տիրոջ կողմից: Նա է ամենամեծ բարեխոսը Միածին Իր Որդու առջեւ՝ մեր մեղքերի քավության ու թողության համար: Հետեւենք նրա օրինակին՝ մեզ Աստծուն ընծայելով, մեր սիրտն ու հոգին Նրան անկեղծորեն ու բոլորանվեր հանձնելով եւ խնդրենք բովանդակ քրիստոնյա աշխարհի անարատ ու Աստվածընտիր մորից՝ Ս. Աստվածածնից, որպեսզի բարեխոս լինի իր Միածին Որդու եւ Փրկչի առջեւ՝ մեր հոգիների փրկության համար:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Սուրբ Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները, ինչպես նաեւ, Ջավախքի հոգեւոր հովիվ Տ. Թադեոս քհն. Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ, Գումբուրդո գյուղից Գյումրի ժամանած ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍՐԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները