Երանի ազգիս
բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելությանը, որին հավատարիմ է մնացել մեր ազգի փոքրամասնություն կազմող Հայ Եկեղեցին:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 11 (311), նոյեմբեր 2025 թ.  


 

       

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ը ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ
ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

«Եւ հրաշալին այն է, որ ճշմարտապես փնտրողին, միշտ ճշմարիտ
առաջնորդ է տրվում»:
ՍՈՒՐԲ ԹԵՈՓԱՆՈՍ

երապատիվ Միքայել Սրբազան.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հրեշտակապետեր Գաբրիելի եւ Միքայելի եւ ողջ երկնային զորքի հիշատակության օրը: Իսկ դա նշանակում է, որ կրկնակի տոն է բոլորիս համար, քանզի մեր մեծահարգ, իր տեսակի մեջ եզակի Միքայել Սրբազանի անվանակոչության օրն է:

Թեեւ այս տարի մեր սիրելի Սրբազան Հայրն ազատության մեջ չէ, եւ դարձել է անարդարության զոհ, սակայն ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել՝ Սրբազան Հորը մատուցել արժանին եւ մեր սրտերի ջերմությունը:

Սրբազան Հայր, մեր հոգեւոր կյանքն ասես կիսված լինի: Ձեր բացակայությունը ոչ ոք չի կարող լրացնել: Ժամանակավորապես մեր կյանքից բացակայող Ձեր վառ գույնն ու խարիզման իրապես անփոխարինելի են: Օրերն առաջ են սլանում, իսկ այդ կիսատության զգացումն առավել է խորանում:

Ըստ հայտնի հրեական ավանդության՝ Սողոմոն Իմաստունի մատանու վրա գրված էր. «Սա էլ կանցնի»: Եվ իրոք՝ կհաղթահարենք նաեւ այս փորձությունը, քանզի Աստված մեզ հետ է: Սիրելի՛ Սրբազան Հայր, էական չէ, որ Դուք հիմա մեր կողքին չեք, բայց Ձեր հոգու փարոսի զորավոր լույսը շողարձակում է բոլոր նրանց հոգիներում, ովքեր ի վիճակի են այն տեսնել եւ զգալ: Արդարությունն ու ճշմարտությունը հաղթելու են անպայմանորեն:

Դավիթ սաղմոսերգուն այսպիսի հրաշալիտողեր ունի. «Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն: Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց: Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ: Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին» (Սղմ. 84:11-14:

Դուք արդարացվելու եք, մեկ վայրկյան անգամ կասկած չունենք, իսկ Ձեր նկատմամբ անարդարացի վարվողները՝ հրաման իջեցնողից մինչեւ վերջին մատնիչն ու այդ հրեշավոր հրամանը կատարողներն անպայմանորեն հատուցելու են, շատ դառն են հատուցելու: Աստծո գործերն անքննելի են:

Թող Ձեր երկնային հովանավորը՝ Միքայել Հրեշտակապետը, լինի Ձեր օգնականը, խորհրդատուն ու պաշտպանը՝ փորձության այս ժամանակահատվածում: Աստված Իր Ամենազոր Աջով, Կենսատու Խաչի զորությամբ մարտակից ու զորակից լինի Ձեզ. ամեն:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն

ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ

* * *

Գերաշնորհ Սրբազան Հայր.

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձեզ՝ Սրբոց Հրեշտակապետաց եւ Ձեր անվանակոչության տոնի առիթով՝ մաղթելով քաջառողջություն ու արեւշատություն: Նաեւ մեր աղոթքն ենք առաքում առ Բարձրյալը, որ, Իր Ամենակարող Սուրբ Աջի հովանու ներքո, արդյունաշատ ու ստեղծագործ ընթացք պարգեւի Ձեր հոգեւոր դժվարին ծառայությանը, առավել զորացնի Ձեր ոգին, պայծառացնի ու ողջախոհ դարձնի Ձեր միտքը, որպեսզի, տիրապարգեւ շնորհներով իմաստնացած, առաջնորդեք Ձեզ վստահված հավատավոր հոտն Աստծո նախանշած ուղով՝ ի նպաստ Հայոց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու բարգավաճման եւ ի շինություն մեր վերանկախացյալ հայրենիքի: Թող Տիրոջ յոթնարփյան պարգեւները լինեն Ձեր մշտական ուղեկիցները:

Որդիական սիրով ու ակնածանքով՝

«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ,
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ,
ՄԻ ԽՈՒՄԲ ՁԵԶ ՍԻՐՈՂ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները