| ԵՐԿՕՐՅԱ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ
ոկտեմբերի
24-ին մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ
Ժաննա Խաչատրյանի (ցավոք՝ մինչ մենք նյութը կհրապարակեինք, տիկին
Ժաննան հրաժեշտ տվեց երկրային կյանքին), իրենց ուխտի հաստատման նպատակով
եւ մեր Եկեղեցու մեծագույն Սրբերի բարեխոսության ակնկալիքով, մեկնեցին
ուխտագնացության՝ առաջին կանգառ ընտրելով Վայքի Ս. Տրդատ եկեղեցին:
Եկեղեցին կառուցվել է 2000 թ., տեր եւ տիկին Գալուստ եւ Էմմա Սողոմոնյանների
բարերարությամբ: Այստեղ ուխտավորները երգեցին շարականներ եւ աղոթք
բարձրացրին առ Աստված:
ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, Ս. ՄԱՇՏՈՑ ԵՎ ՄԵՂՐԻԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Հաջորդ
կանգառը Վահանավանքն էր: Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Վանական
համալիրը գտնվում է Կապան քաղաքից 5 կմ հարավ-արեւմուտք: Վահանավանքի
կառուցման մասին հիմնական տեղեկությունները 13-րդ դարում հաղորդում
է Ստեփան Օրբելանը: Պատմական տեղեկություններ կան նաեւ համալիրի
տարբեր հուշարձանների արձանագրություններում: Ստեփանոս Օրբելյանի
վկայությամբ Սյունյաց Բաղր գավառի Ձագիկ գահակալ իշխանի կրտսեր որդին՝
Վահանը, Բաղաբերդ ամրոցի մոտակայքում ընտրելով հարթ մի վայր, գահաժառանգ
եղբոր՝ Ջեւանշերի աջակցությամբ սկսել է կառուցել Ս. Գրիգոր Լուսավորիչ
գմբեթավոր եկեղեցին, որն ավարտվել է 911 թ: Հիմնել է նաեւ հոգեւոր
դպրոց: Հիմնադիր առաջնորդ Վահան Ա Նախաշինող Ձագիկյանի անվան հետ
էլ կապված է Վանքի անվանումը:
Վահանավանքից քիչ հեռու է գտնվում Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որ
կառուցվել է 2001 թ.: Այստեղ եւս ուխտավորները երգեցին շարականներ՝
Տիրոջից հայցելով խաղաղություն Հայոց աշխարհին, անսասանություն Մայր
Աթոռ Ս. Էջմիածնին:
Հաջորդ կանգառը Մեղրիի Ս. Հովհաննես, Ս. Աստվածածին, Ս. Սարգիս եկեղեցիներն
էին: 1673 թ. կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին, ուր պահպանվել
են որմնանկարները եւ կարծես ամբողջ Հին եւ Նոր Ուխտի աստվածաշնչյան
նկարագրությունն էր: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց հավատքի
մոմերը, աղոթք առաքեցին առ Բարձրյալն Աստված՝ խնդրելով Սուրբ Կույս
Մարիամի բարեխոսությունը:
Ս. Աստվածածին եկեղեցուց քիչ հեռու էր գտնվում Ս. Հովհաննես (Ս.
Սարգիս) եկեղեցին, որը հարուստ է որմնանկարներով: Վերականգնման աշխատանքներն
իրականացվել են ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության
հիմնադրամի շրջանակներում:
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Անդնդախոր ձորի եզերքին վեր է խոյանում Տաթեւի հրաշք վանքը: Իր առաքելությամբ
վանական համալիրը հավատքի եւ դեպի Աստված ձգվող ուղու բարձունքն
է:
Վանքը հիմնվել է 4-րդ դարում: Գլխավորը Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին
է, որ կառուցվել է ավելի քան հազար հարյուր տարի առաջ, Հովհաննես
եպիսկոպոսի նախաձեռնությամբ: Սուրբ Պողոս-Պետրոս է կոչվում, որովհետեւ
գլխավոր սյուների տակ զետեղված են Պողոս եւ Պետրոս Առաքյալների մասունքները:
Տաճարի հարավային մուտքի առջեւ 18-րդ դարում Հովակիմ արքեպիսկոպոսը
կառուցել է Տաթեւացու դամբարանը, որի առջեւ էլ հենց խոնարհվեցինք:
Վանական համալիրի բակում է գտնվում մտավոր սլացքի ու ճախրանքի գավազան-սյունը,
որ գրականության մեջ հայտնի է «Գավազան զորության եւ արդարության»
անվամբ: Սուրբ Տաթեւի սյունը տարբերվում է չորս հատկանիշներով: Այն
ամենաբարձրն է՝ 7,89 մետր: Միակն է, որ չի ավերվել եւ ավարտվում
է սյունը պսակող ծակոտկեն խաչով: Շնորհիվ խաչի նման հորինվածքի՝
արեւի ճառագայթները թափանցում են խաչի միջով եւ, լուսեղեն գծագրմամբ,
ընդգծում խաչի պատկերը: Թվում է, թե խաչը ճախրում է երկնային լույսերի
մեջ եւ առկա սյուների մեջ միակ ճոճվողն է: Ցավոք սյան ճոճվելու առանցքի
եւ ճնշման հանդեպ զգայունությունը խախտվել է 1931 թ. երկրաշարժից
հետո:
ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Վերջին ուխտատեղին Որոտնավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին էր, որ կառուցվել
է 1000 թ., Սյունյաց Շահանդուխտ թագուհու նախաձեռնությամբ: Ս. Կարապետ
եկեցին կառուցվել է 1003 թ.: Խորանի գլանաձեւ պատին երկու հրեշտակների
պատկերն է՝ աստղազարդ շրջանակի մեջ: Որոտնավանքի պատմա-մշակութային
համալիրում ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, խնկարկեցին՝
փառավորելով Տիրոջն Իր մեծագույն ողորմածության, մարդասիրության
ու հայասիրության համար:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|