|
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ
ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ
ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ
ՊԱՏԱՐԱԳ
 ոյեմբերի
29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին
լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ
Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով, Ամենայան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Միածնաէջ
Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Մայր Աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի
ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպս. Ֆընտըգյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ Առաջնորդներ,
Մայր Աթոռի միաբաններ ու մեծաթիվ ուխտավոր հայորդիներ տարբեր վայրերից,
այդ թվում եւ Շիրակի թեմից:
Սուրբ
Պատարագի ընթացքում՝ եկեղեցական թափորի առաջնորդությամբ, Գարեգին
Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, Մայր Տաճար բերվեց աստվածամուխ
Սուրբ Գեղարդը:
Իր քարոզում պատարագիչ Սրբազան Հայրը, անդրադառնալով Հայոց առաջին
լուսավորիչների տոնի խորհրդին, ընդգծեց. «Առաքյալները Հայաստան չեկան
զորքով, չեկան քաղաքական ծրագրերով, չեկան ազգային փառքի խոստումներով:
Նրանք եկան Հիսուս Քրիստոսի եւ Իր թագավորության հույսով ու սիրով:
Եվ այդ Ավետարանը ծնեց առաջին քրիստոնյա ազգը: Սա մեր իրական գանձն
է, մեր ժառանգությունը, եւ սա է Հայաստանի հոգին»:
Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին՝ Դանիել եպիսկոպոսն ընդգծեց,
որ դարերի ընթացքում հայ ժողովուրդը պահել է իր ինքնությունն ու
պահպանել Սուրբ Եկեղեցին ոչ թե ուժով, այլ միասնական պայքարով, համատեղ
տառապանքով ու հավատքով:
«Մենք
պահել ենք միմյանց անապատներից մինչեւ աքսորներ, մինչեւ ցեղասպանություն,
մինչեւ լուռ հալածանքներ: Մենք չենք ապրել, որովհետեւ ուժեղ էինք,
այլ որովհետեւ մեկ մարմին էինք՝ մեկ Եկեղեցի, մեկ աղոթք, մեկ տեսիլք,
մեկ հույս՝ խաչյալ եւ հարություն առած Քրիստոսով:
... Մեր Առաքյալներն այսօր հիշեցնում են, որ երկրի հույսը քաղաքական
հաղթանակները չեն, այլ հոգեւոր հարութիւնը եւ սրբությամբ ապրելը»,-
ասաց Դանիել եպիսկոպոսը՝ հորդորելով ներկաներին ապաշխարել, քննել
իրենց սրտերը, մերժել բաժանման թույնը եւ միմյանց վերաբերվել իբրեւ
Հիսուս Քրիստոսի մարմնի անդամներ:
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը, Պահպանիչ աղոթքով եւ հրաշագործ
Սուրբ Գեղարդով, օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն
ընձեռվեց երկրպագելու եւ համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում մնաց մինչեւ Երեկոյան ժամերգության
ավարտը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|