Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

«ԵՐԱՆԻ ՈՐ ՀԱԼԱԾԵԱԼ ԻՑԵՆ ՎԱՍՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ...»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա է արքայութիւն երկնքից:
Երանի է ձեզ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն, եւ ասիցեն զամենայն բան
չար զձէնջ սուտ վասն իմ»:
ՄԱՏԹ. Ե 10-11

եկտեբերի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի եւ աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգեւոր սպասավորների ու վանականների, ինչպես նաեւ վերոնշյալ թեմերի մեծաթիվ հավատացյալների, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:

Օրվա Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբը ոգեշունչ քարոզ խոսեց՝ առանձնակի անդրադառնալով մարդ-Աստված հարաբերությանը: Իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը, ընդգծեց, որ կարեւոր է ապրել Աստծո կամքին հավատարիմ, ապա ի մասնավորի հավելեց. «Աստծո կամքի համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի, գործելու խեղաթյուրման գագաթնակետն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Թող լինի Քո կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է»:

Աստծո կամքի համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել, աղոթքի միջոցով, Տիրոջ առաջնորդությունը: Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն՝ մարդկային ես-ը դառնում է բռնակալ, իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն: Հետեւաբար՝ Սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն՝ սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը ոչ թե արտոնություններ են, այլ պարտք:

Այս ամենի անտեսմանը հետեւելու է դատաստանը: «Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը» (Եբրայեցիս Ժ 3),- ասված է եբրայեցիներին ուղղված թղթում:

... Սիրելի՛ հավատացյալներ, այսօր հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, անփոխարինելի օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան: Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարեւոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունեալ եւ քայլել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետեւից, Ում վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից: Ամեն»:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Տէր Ողորմեա»-ի երգեցողության ժամանակ, հոգեւորականաց դասն ու ներկա հավատացյաներն առանձնական աղոթք բարձրացրին ապօրինաբար ազատազրկված Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանի, Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանի, Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի, Տ. Գարեգին քհն. Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր գերյալների ազատության, ինչպես նաեւ հայրենիքի խաղաղ ու բարօր կյանքի համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները