| ՈՒԽՏԵՐԹ
Ս. ԹԱԴԵՈՍԻ ԵՎ
Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
ոյեմբերի
29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին
լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը:
Շիրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի
հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, Ս.
Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնին նվիրված ուխտերթի մասնակիցները
Սառնաղբյուրի Հոգեվանքի (Կարմիր վանք) մոտից, միախորհուրդ աղոթքներով
եւ շարականներով, քահանաների առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
բերված Ս. Թադեոս Առաքյալի մասունքով ու խաչ-խաչվառների թափորով,
շարժվեցին Սուրբ Թադեոս եկեղեցի: Ուխտավորները Սառնաղբյուր էին եկել
Շիրակի թեմի տարբեր համայնքներից, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցու այլ թեմերից:
Սուրբ Թադեոս եկեղեցում, Սառնաղբյուրի հովվության արժանապատիվ Տ.
Տաթեւ քհն. Մարուքյանի ձեռամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:
Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով Հայոց առաջին լուսավորիչների
տոնի խորհրդին, նշեց. «Եթե մարդ մեծագույն սեր չունենար իր Աստծո
եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի կամ իր նմանի հանդեպ, չէր գա եւ չէր նահատակվի,
մարտիրոսական արյուն չէր հեղի հանուն քրիստոնեության, հանուն իր
նմանին փրկելու եւ առաջնորդելու դեպի Քրիստոս:
Սիրելինե՛ր, Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալները Տիրոջ կամքով եկան
Հայաստան աշխարհ եւ բերեցին քրիստոնեության լույսը: Դարերի խորքից
մինչ մեր օրերը, քրիստոնյաները, կրելով բազում հարվածներ, չարչարանքներ
ու նահատակություններ, քրիստոնեությունը «լսելի» դարձրին մեր ականջներին,
ընդունելի մեր սրտերին, փառաբանություն մեր շուրթերին, որպեսզի մենք
նույնպես քայլենք մեր կյանքի ճանապարհը մեզ տրված շնորհների համեմատ՝
ինչպես Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալները»:
Սուրբ Պատարագի ավարտին Տեր Հայրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված,
Սուրբ Թադեոս Առաքյալի մասունքով օրհնեց ուխտավորներին, ապա հավատավոր
ժողովրդին հնարավորություն ընձեռվեց երկրպագել ու համբուրել սրբությունը:
Հավարտ ուխտի Սուրբ Պատարագի՝ ուխտավորները հավաքվեցին Սառնաղբյուր
համայնքի սրահներից մեկում՝ սիրո ճաշի սեղանի շուրջ, ուր Ս. Թադեոս
եկեղեցու խաչքավորի կողմից մատուցվեց մատաղ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|