Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ, ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ
ԵՎ ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ արձանագրումները.

ա) Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք նրանց խորթ եւ օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել, ինչը բազմիցս ապացուցել ենք գործով եւ խոսքով. որոշումը ձերն է, մեզ չմեղադրեք:

բ) Կատարվածը վերին աստիճանի նենգ ու տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգեւորականների պարագայում: Նրանք կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեցական ատյաններում արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները՝ մինչեւ անգամ վերջնագիր ներկայացնելով Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն՝ իբրեւ շարքային դավադիրներ:

գ) Նրանցից յուրաքանչյուրը, մեր աչքերի առջեւ եւ ներկայությամբ, առիթն ու հնարավորությունը բաց չի թողել՝ քծնելու եւ շողոքորթելու Վեհափառ Հայրապետին, ում հայրական խնամքը վայելելով, բարձրագույն կոչումներ ու պաշտոններ են ստացել Եկեղեցում՝ բացարձակ անարժան լինելով զբաղեցրած դիրքին, ինչի խոսուն վկայությունն է նրանց քստմնելի արարքը: Եթե Վեհափառը սխալվել է որեւէ հարցում, փաստորեն դա եղել է նրանց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ եւ զանազան մեղքերն իր վրա վերցնելով՝ նրանց հայրական հոգածության ներքո պահելը:

դ) Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ. Ազգային-եկեղեցական ժողովին եւ հայտնապես քվեարկել օրվա Վեհափառ Հայրապետի օգտին, ինչի մասին եւ հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաեւ չմոռանալով ծաղրել այն հոգեւորականներին, ովքեր, ընտրության իսկ չմասնակցելով, երբեւիցե դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ:

ե) Մյուս 4 տիրադավները, ուսանողությունից մինչեւ աբեղայություն ու եպիսկոպոսություն, վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել՝ նույն Հայրապետի ձեռամբ արժանանալով եպիսկոպոսական օծման ու ձեռնադրության: Սա խոսում է նրանց կերպարի մասին:

զ) Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչն իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը: Այսու, 26 տարվա շարունակական քծնանքից հետո, գլխակորույս սողալն անպատկառ եւ հայրենադավ իշխանավորների առջեւ՝ իրենց կաշին ինչ-որ բաներից փրկելու համար եւ ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանելու երկրի թիվ 1 անսկզբունքայինի հետ, ինքնաոչնչացում է: Հիրավի, նմանը նմանին է գտնում, տիրադավը՝ հայրենադավին, հուդաները՝ նիկոլայիդներին:

է) Տիրադավներն ստեղծել են մի վիճակ, որը Հայ Եկեղեցում աննախադեպ է գեթ վերջին 200 տարում: Ուստի անհրաժեշտ է աննախադեպ պատասխան եւ արձագանք: «Խոտորնակին՝ խոտորնակ»,- ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը:

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին.

1. Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը:

2. Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում:

3. Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք Սրբազանների մասնակցությունը, կամ՝ մեր ազատությունից հետո:

4. Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային-եկեղեցական ժողովը:

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին:

ը) Եվ վերջում ուզում ենք հույս հայտնել, որ տիրադավներից ոմանք կգնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կփորձեն զղջմամբ գեթ հոգեւորական մնալ, մինչ մյուսներին սպասում է Հուդայի ճակատագիրը:

Քահանայք եւ ժողովուրդք, փարված մնացեք մեր Սուրբ Եկեղեցուն եւ հավատարիմ հայոց օծյալ Հայրապետին: Մեզ բոլորիս համար փորձության եւ փորձվելու ժամ է: Չարը մռնչում է՝ կլանելու յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին: «Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային: Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ սրանք ամենքը մեզնից չեն» (Ա Հովհ. Բ 12): «Հոգով ջերմեռանդ եղե՛ք, Տիրոջը ծառայե՛ք, հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, հարատեւ աղոթեցե՛ք... Մի՛ պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին» (Հռովմ. ԺԲ 11-13, 21):

Հ. Գ. Աստված մի արասցե, որ մի օր պարզվի, թե տիրադավները դերակատարություն են ունեցել նաեւ մեր եւ Մկրտիչ Սբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկա են:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ՊՌՈՇՅԱՆ
2025 թ. նոյեմբերի 30

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները