| ԵՐԿՆՔԻ
ԴՌՆԵՐԸ ՄԻՇՏ ՓԱԿ ԵՆ ԿԵՂԾ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ԱՌՋԵՎ
«ՈՒԹՎԻՐԱՑ» ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆՈՒՄ ...
եկտեմբերի
6: Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցի, երեկոյան ժամերգություն,
որին ներկա են սովորականից ավելի շատ հավատավորներ՝ հոգիներում թախիծ,
աչքերում՝ անափ տխրություն:
Ավարտվում
է երեկոյան ժամերգությունը, հոգեւոր սպասավորները, մի քանի բարեպաշտ
հավատացյալների հետ, սկսում են տեղափոխել հնարավոր այն ամենը, ինչը
կարող է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, գործածվել չսպասպած հյուրերի
կողմից: Տեղափոխվում է նաեւ Առաջնորդ Սրբազան Հոր աթոռը:
Եկեղեցու ներսում են մի խումբ հավատավորներ, ովքեր, արցունքն աչքներին,
հետեւում են այդ ընթացքին: Մեկ բան հստակ է. ոչ ոք չի տրվում սադրանքների՝
հետեւելով սիրելի Միքայել Սրբազանի հայրական հորդորին:
Քահանայից դասի ու ներսում գտնվող հավատավորների կողմից Ս. Յոթվերքում
հնչում են միասնական աղոթք եւ «Տէր ողորմեա»-ն: Փակվում են դռները,
բայց բոլորի շուրթերին աղոթք է՝ եկեղեցու անսասանության համար:
Թեմի քահանաների ստորագրություններով կնիք է դրվում դռներին, որպեսզի
մինչ հաջորդ օրը չկոտրվեն դրանք: Դռների ետեւում եկեղեցու գույքն
է, Ս. Պատարագին գործածվող սպասքը: Քահանաները չհամաձայնեցին նաեւ
դրանք թողնել, քանզի գտան, որ այլ թեմի քահանայի կողմից մատուցվելիք
«պատարագը» կեղծ է:
Հոգեւորականերն իրենց հայտարարության մեջ նշեցին, որ սա եկեղեցու
բռնազավթում է: «Հստակ ասված էր, որ եկեղեցու բանալիները պիտի հանձնենք:
Մենք բանալիները չհանձնեցինք, ուղղակի ստորագրություններով թուղթ
դրեցինք, դուռը կնքեցինք եւ դուրս եկանք»,- ասում է Տ. Նշան քհն.
Պանֆյորովը:
7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՎԱՏԱՎՈՐԻ ՀՈԳՈՒ ՃԻՉԸ ԼՌԵՑՎԵԼ Է, Ս. ՅՈԹՎԵՐՔԸ՝ ԲՌՆԱԶԱՎԹՎԵԼ
Մոտ
երկու հարյուր (1843-1856 թթ.)տարվա մեջ առաջին անգամ լուռ են Ս.
Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու զանգերը, չեն ղողանջում եւ հավատավոր
գյումրեցուն չեն կանչում առավոտյան ժամերգության: Աղոթատան զանգերը
ղողանջել են խորհրդային բռնաճնշումների տարիներից մինչ այժմ՝ առավոտյան
8.30-ին: Իսկ այսօր լռում են՝ ցավ ի սիրտ բարեպաշտ հավատավորի, քանի
որ ծիսական կյանքը խաթարված է:
Հարյուրավոր ոստիկաններ եւ ԱԱԾ աշխատակիցներ են շրջապատել եկեղեցին,
կարելի է ասել՝ բռնազավթել եւ հավատավոր ժողովրդին թույլ չեն տալիս
ներս մտնել: Շատերն են իրենց օրն սկսում առավոտ կանուխ՝ ժամը 7.00-ին,
Ս. Յոթվերք մտնելով, աղոթելով, բայց դեկտեմբերի 7-ի առավոտյան հավատացյալ
գյումրեցուն արգելված է մտնել եկեղեցի: Հանդիպում են ոստիկանական
կենդանի պատնեշին եւ արցունքն աչքներին հեռանում: Այսօր ոչ ոք չի
կարող իր անմեղ ննջեցյալի համար աղոթք հնչեցնել այստեղ՝ կրկին անգամ
ցավ ապրելով: Ս. Յոթվերքում բարեպաշտ հավատավորի աղոթքը լռեցված
է:
Առաջնորդանիստ եկեղեցում Արմավիրի թեմի քահանայի մատուցած ոչ կանոնական
«պատարագ»-ից հետո Տ. Նշան քհն. Պանֆյորովն ասաց. «Ուրիշի կանոնի
եւ վիճակի մեջ մտնելը արժանի է նզովքի»:
Վարչապետն ու այլ պաշտոնյաներ ներկա գտնվեցին Ս. Յոթվերք եկեղեցում
մատուցված արարողակարգին, որի ընթացքում զեղչվեցին ինչպես Ամենայն
Հայոց Կաթողիկոսի, այնպես եւ թեմի Առաջնորդի՝ ապօրինի ազատազրկված
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի անունները: Շիրակի թեմի քահանաները
բոյկոտել էին այս պատարագը՝ հայտարարելով, որ իրենցից որեւէ մեկը
չի մասնակցի նման արարողակարգի:
Փոխարենը դեկտեմբերի 7-ին՝ գյումրեցու համար այդ ցավալի օրը, հնչում
են Ս. Ամենափրկչի զանգերը, քանզի այնտեղ ծիսական կյանքը խաթարված
չէր, ժամերգություն էր, որից հետո մատուցվեց հիշատակի ու ոգեկոչման
Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց
Սարգիս սրկ. Հարությունյանը՝ իր հուսադրիչ խոսքով մխիթարելով ներկա
հավատացյալներին:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|