| «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ
ՈՔ ԹՈՂ ԱՊՐԻ ԱՍՏԾՈ՝ ԻՐԵՆ
ՏՐՎԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ»
ակերեսային
դիտարկումով կարող է արդի դարաշրջանում լիովին ավելորդ թվալ սրբության
կամ սրբերի մասին խոսելը, քանզի սրբությունն այսօր մեր ընկալումներում
ներկայանում է իբրեւ գեղեցիկ ու ցանկալի, բայց այդուհանդերձ վերացական
գաղափար: Սակայն սրբերը մեզ երկրային կյանքում ոգեշնչել են իրենց
օրինակով եւ լույսի ու մաքրության շող դարձել, մեր իսկ ապրելակերպից
ու բարքերից խավարած ու ապականված, կյանքի ընթացքում: Սրբությունը
գերերկրային, մեր իրականությունից դուրս իրողություն չէ: Սրբության
ճանապարհը բռնած մարդու ողջ կյանքը պայքար է` մեղքից ազատագրվելու
եւ կատարյալ մաքրության երանավետ հանգրվանին հասնելու համար:
Անշուշտ
սրբերի կյանքը, բոլոր ժամանակներում, մարդկանց համար ճշմարիտ աստվածճանաչության
եւ դրանով իմաստավորված կյանքով ապրելու օրինակ է: Սրբերն օրինակ
են սիրո, նվիրվածության, արդարամտության, նախանձախնդրության եւ զոհողության,
այսինքն` հոգեւոր արժեքներով ապրելու թելադրանք ու պատգամ են սերունդների
համար: Նրանք, հերոսի ու գիտունի պես, ուժի եւ ճշմարտության սոսկ
մարմնավորումներ չեն, այլ պատկերն են Աստծո Հոգու ու նկարագրի: Հին
եւ Նոր Ուխտերի սրբերն այլաշխարհային էին, պանդուխտներ այս կյանքում,
նաեւ աղբյուր հրաշագործության, աստվածային ուժի, դալարագեղ պուրակը
Եկեղեցու, կենսունակության, դարերի միջով հոսող այն բյուրեղաջուր
առվակը, որի մաքրամաքուր խորքերում տեսնում ենք մեր դեմքերի ու հոգիների
անհարթություններն ու բծերը: Սրբերի բարեխոսությունը մեզ սիրով կապում
է այդ սրբազան հոգիներին, որոնք հավատացյալի հոգիները դեպի երկինք
տանող ոսկե կամուրջ են:
Սրբերի պաշտամունքն ու նրանց բարեխոսությանը դիմելու կարգը հիշատակվում
է Բ դարից: Այդ շրջանում՝ քրիստոնյաների թվի ավելացումով, արդեն
Եկեղեցին ընկալվում էր ոչ իբրեւ զուտ «սրբերի հաստատություն», այլ
իբրեւ փրկության միջոց, ուր բոլոր քրիստոնյաներն անխտիր «սուրբ»
չէին ընկալվում, այլ՝ «սրբության կոչված»: Նրանցից առանձնանում էին
անհատներ՝ ի դեմս անապատական ճգնավոր հայրերի ու վանականների, որոնք
նահատակվել են հանուն քրիստոնեական հավատքի ու Ավետարանի սիրո: Նրանց
հավատքը չտկարացավ այլազգիների, հեթանոսների, երբեմն էլ հենց քրիստոնյաների
սպառնալիքների տարափից: Ընդհակառակը, մինչեւ իսկ իրենց վրա իջնող
սրերի հարվածի տակ, թողություն էին խնդրում Աստծուց՝ թշնամիների
մեղքերի համար:
ՍՐԲՈՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տերունի տոների կողքին,
ունի նաեւ սրբոց հիշատակության օր՝ «Ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց,
հայտից եւ անհայտից», որ այս տարի ոգեկոչվեց նոյեմբերի 1-ին: Առաջնորդանիստ
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում այդ առիթով մատուցվեց Սուրբ եւ
անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ
խոսեց եւ տոնի խորհուրդը հանգամանալից մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|