| ՄԻՔԱՅԵԼ
ՍՐԲԱԶԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ
26-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
«ՍԷՐ ՈՉ
ԵՐԲԷՔ ԱՆԿԱՆԻ»
ամանակի
եւ տարածության բաժանարար գիծը հերքում կամ հաստատում է, արարչագործությամբ
մարդուն վերապահված, շնորհները, հնարավորություններն ու գեղեցկին,
վեհին, կատարյալին ձգտելու կարողությունները: Բանականությամբ օժտված
մարդը, ականջալուր ազատ կամքին, ոչ միշտ է ընտրում տիրահաճ ուղին
ու հետեւում տիրավանդ պատվիրաններին: Բայց ով ծնվում է Տիրոջ սերը
սրտում եւ ապրում Ամենակալի երկյուղածությամբ, բաժանարար ոչ մի սահմանագիծ
չի կարող խաթարել նրա ընթացքը: Ընդհակառակը՝ սերն ու նվիրումը դառնում
են դավանանք, շնորհն ու կարողությունը՝ կյանքի ուղենիշ: Այս սկզբունքով
առաջնորդվեց Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, իսկ նրա առաջնորդության
քսան տարիները (այժմ՝ քսանվեց) Շիրակի թեմում եղան բեղուն, արգասաբեր:
Աստվածային սիրո կրողն ու Հայոց Եկեղեցու նվիրյալը երբեք չվարանեց,
դժվարությունները դիմակայեց բաց ճակատով, շիրակցի հավատավորին ներկայացավ
հաստատուն ու աներեր կեցվածքով, իբրեւ քաջ հովիվ, ով պատրաստ է անգամ
անձնազոհության՝ իրեն վստահված հոտը խաղաղ նավահանգիստ հասցնելու
համար:
Այսօր արդեն հետեւում են մնացել առաջնորդության քսան (քսանվեց) տարիները:
Թե ինչպիսին են եղել դրանք շիրակցու համար, գիտեն բոլորը, իսկ թե
ինչ հետք են թողել սիրված ու նվիրյալ հոգեւորականի սրտում, գիտեն
միմիայն ինքը եւ Աստված: Սակայն պարզ է ու ակնառու, որ «սէր ոչ երբէք
անկանի»...
Սրբազան Հոր հետ Մարիամ Վարդանյանի
(Շիրակի թեմի «Ս. Յոթերք» պաշտոնաթերթի
գլխավոր խմբագիր) 2019 թ. զրույցից
ՍՐԲԱԶԱՆ
ՀՈՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
« ...Հակառակ նրան, որ հոգեւորականի իմ ուղին եղել է բավականաչափ
բարդ ու դժվարին, սակայն ես այդ բարդություններն ու դժվարություններն
ընդունել եմ իբրեւ Աստվածային օրհնություն եւ ոչ մի վայրկյան իսկ
չեմ զղջացել՝ հոգեւորական ասպարեզ մտնելու համար, նաեւ համոզված
եմ, որ ապագայում նույնպես չեմ զղջա: Ինչ վերաբերում է սիրված լինելուն,
վստահ եմ, որ ունեմ նույնքան չսիրողներ: Այնպես որ դա շատ հարաբերական
է: Սիրված, հարգված լինելը երբեք ինձ համար ինքնագովության առիթ
չի եղել» (Տ. Միքայել արքեպս. Աջապահյան):
Սիրելինե՛ր, այսօր Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանի առաջնորդության 26-ամյակն է:
Անշուշտ ուրախալի իրադարձություն է, սակայն միեւնույն ժամանակ հոգիներս
տրտմած է, որ մեր սիրելի Սրբազանը ֆիզիկապես մեզ հետ չէ: Ցավալի
է, որ նա դարձավ նենգության, ուրացության եւ մատնության թիրախ եւ
ապօրինաբար դատապարտվեց ազատազրկման: Շատ ցավալի է:
Սակայն մենք գիտենք նաեւ մեկ այլ բան, որ սրիկայությունը, ստորությունը
բացահայտվելու հատկություններ ունեն, եւ որ դերակատարների մոտավոր
սիլուետներն ու անուններն արդեն իսկ նշմարվում են Աստծո ողորմածությամբ:
Իսկ ամբողջական բացահայտումն իր ողջ ծավալով ու մանրամասներով ժամանակի
խնդիր է: Տերը կհոգա այդ մասին եւ կօգնի: Վայրկյան անգամ չեմ կասկածում,
քանզի մեծ է Աստված:
Ուստի չշեղվելով օրվա իրադարձությունից՝ շնորհավորենք մեր սիրելի
Սրբազան Հորը առաջնորդության քսանվեց ամյակի առիթով: Մաղթանքս նույնն
է՝ քաջառողջություն, արեւշատություն եւ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի
անմեղության հռչակում: Մեր սիրելի Սրբազանին շուտափույթ վերադարձ:
ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ
* * *
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Այսօր Ձերդ Սրբազանության առաջնորդության եւ ծննդյան տարեդարձերի
առիթով, փորձում ենք, մեր այս գրով, Ձեզ վերադարձնել ջերմության
ու լույսի այն շողերի մի չնչին մասը, որ առատապես ստացել ենք Ձեզնից՝
Ձեզ հետ ամենօրյա շփումների եւ անմոռանալի տարիների ընթացքում:
Սիրելի՛ Միքայել Սրբազան, երբեւէ առիթ չենք ունեցել Ձեզ մեր սիրո
եւ երախտիքի մասին հայտնել եւ այժմ, ուրախաբեր այս առիթով, կարող
ենք աներկյուղ խոսել Ձեր հանդեպ տածած մեր որդիական խոնարհման, նվիրումի
ու հարգանքի մասին: Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված եւ հայցում,
որ Ամենակալ Տերը Ձեզ ազատություն շնորհի, առողջություն եւ արեւշատություն
տա, Սուրբ Հոգու պարգեւներն ինչպես երեկ, այնպես էլ այսօր առատապես
հեղի Ձեզ վրա եւ օրհնի Ձեր բոլոր բարի գործերը՝ ի բարօրություն,
ի շենացում եւ ի շահ Շիրակ աշխարհի: Թող Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը
լինեն Ձեզ հետ այսօր եւ միշտ:
Որդիական սիրով եւ խոնարհումով
Մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝
Տ. ՆՇԱՆ ՔՀՆ. ՊԱՆՖՅՈՐՈՎ,
ՔԴՔԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
Ս. ՅՈԹՎԵՐՔ, Ս. ՆՇԱՆ, Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ
>>>
|
|