| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ՀԵՔԻԱԹ ԱՄԱՆՈՐԻ, ՁՅԱՆ ԵՎ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
յդ
քաղաքում դեկտեմբերին միշտ ձյուն էր գալիս, եւ ոչ ոք չէր հավատում,
թե կան երկրներ, ցամաքներ ու հորիզոններ, ուր մարդիկ երբեք ձյուն
չեն տեսել: Եթե չկա ձյուն, ուրեմն չկա Ամանոր, չկան տոնածառ ու գունավոր
լույսեր, չկան նվերներ ու մաղթանքներ, չկան երազանքներ ու հրաշքներ,
որոնք միշտ կատարվում են Ամանորի գիշերը: Երբ Նոր տարին արդեն շատ
մոտ էր, մարդիկ հասկացան, որ ողջ դեկտեմբերին ոչ մի փաթիլ ձյուն
չի եկել: Բոլորը հուսահատվեցին:
-Մենք էլ չենք տեսնի ամանորյա հրաշքներ, չեն լինի տոնածառեր ու լույսեր,-
մտածում էին շատերը:
Ամանորին
մի քանի օր էր մնացել, բայց ոչ ոք չէր զարդարել գլխավոր եղեւնին:
Քաղաքում, բոլորի հետ եւ բոլորի նման, ապրում էր մի փոքրիկ աղջիկ:
Նա այնքան էր սիրում Նոր տարին, որ դեկտեմբերի ամեն օրն անց էր կացնում
քաղաքի գլխավոր եղեւնու կողքի նստարանին՝ իր փոքրիկ շնիկի հետ: Այդպես
նա սպասեց երեսուն օր, իսկ 31-րդ օրը, երբ առավոտյան շնիկի հետ գնաց
նստարանի մոտ, տեսավ, որ այն զբաղված է: Ծերուկը, նստած աղջկա նստարանին,
ինչ-որ բան էր փնտրում իր գրկի պարկի մեջ: Աղջիկն սկզբում չհամարձակվեց
մոտենալ, բայց երբ մտածեց, որ առանց իր սպասումի ու հույսի ձյուն
չի գա եւ չի լինի Ամանոր, քաջություն հավաքեց ու նստեց ծերուկի կողքին:
Նրանից ձմեռային անտառի, եղեւնիների ու եղնիկների հոտ էր գալիս:
Աղջիկը չհասկացավ, թե որտեղի՞ց են իրեն ծանոթ այդ բույրերը, բայց
դա այնքան հաճելի էր, որ ավելի մոտեցավ ծերուկին եւ անսպասելի կպավ
նրան: Ծերուկը գլուխը հանեց իր մեծ պարկից եւ զարմացած նայեց աղջկան:
Աղջիկը կարմրեց եւ ուզում էր ներողություն խնդրել, բայց ծերունին
առաջ անցավ նրանից՝ ասելով.
- Հիմա շատ վաղ է, որպեսզի քեզ նման փոքրիկ աղջիկները զբոսնեն,-
հետո գլուխը մոտեցրեց աղջկան եւ շարունակեց,- քեզանից ձմեռային անտառի,
եղեւնիների եւ եղնիկների հոտ է գալիս, դա ամենաիսկական ամանորի բույրն
է, գիտե՞ս…
Աղջիկը շատ զարմացավ: Մի փոքր մտածեց ու հասկացավ, որ Ամանորի բույրը
բոլոր նրանցն է, ովքեր դեռ հավատում են հրաշքների: «Ուրեմն դուք
է՞լ եք սպասում Ամանորին, ինչպես ես»,- հարցրեց աղջիկը:
- Ես ողջ տարին սպասում եմ այս օրվան,- նորից պարկի մեջ ինչ-որ բան
փնտրելով՝ ասաց ծերուկը:
- Բայց այս տարին նման չէ մյուսներին եւ գուցե հրաշքներ էլ չլինեն:
Ծերուկը ուշադիր նայեց աղջկա տխուր աչքերին եւ ասաց.
- Հրաշքներ միշտ են լինում՝ ամռանը, երբ արեւը քո սրտիկի նման ջերմ
է, եւ ծովը հեռվից ալիքվելով հասնում է ափին, երբ գիշերներն աստղազարդ
են՝ ինչպես ամանորյա տոնածառը: Հրաշքներ լինում են նաեւ աշնանը,
գարնանը:
- Իսկ ես կարծում էի, որ հրաշքներ միայն Ամանորին են լինում:
- Այս քաղաքում, փոքրիկս,- շարունակեց ծերուկը,- մարդիկ մոռացել
են, թե որքան գեղեցիկ է աշունը, որքան ջերմ է ամառը եւ որքան սիրառատ
է գարունը: Նրանք քիչ-քիչ մոռանում են նաեւ ձմռան եւ ամանորի հրաշքների
մասին: Չեն հավատում, թե կգա ձյուն, ամեն ինչ նորից սպիտակ կլինի,
եւ այս եղեւնին կփայլի հազարավոր լույսերով:
- Իսկ ինչպե՞ս անել, որ նրանք նորից հավատան հրաշքների,- անհամբեր
հարցրեց աղջիկը:
- Պարզապես պետք է հրաշքներ գործել,- պատասխանեց ծերուկը եւ պարկի
միջից հանեց ձեռքը, բացեց ափն ու փչեց: Նրա ափից թռան հազարավոր
սպիտակ փաթիլներ եւ շրջապատեցին քաղաքի մեծ եղեւնին: Մի քանի վայրկյան
անց այն զարդարված էր աշխարհի ամենագեղեցիկ խաղալիքներով ու լույսերով,
իսկ երկնքից թափվում էին ձյան սպիտակ փաթիլներ: Աղջիկն այնքան ուրախացավ,
որ չնկատեց, թե ինչպես եւ որ կողմ գնաց ծերուկը:
Երեկոյան քաղաքի բոլոր պատուհաններից երեւում էին զարդարված տոնածառերի
լույսերը: Օդը լցված էր երազանքներով ու հրաշքներով: Եվ աղջիկը հասկացավ՝
աշխարհում ամեն ինչ հրաշք է եւ ամեն մի պահը՝ կախարդական:
ԱՆԻ ՄԱՂԱՔՅԱՆ
>>>
|
|